Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին. փաստաթղթերը հրապարակել
Գրանցվել
Գրանցվել
Թող հրապարակի բոլոր փաստաթղթերը, և վեճը կավարտվի․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
24 ՍԵՊ 2025 09:36
Թող հրապարակի բոլոր փաստաթղթերը, և վեճը կավարտվի․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին

Թող հրապարակի բոլոր փաստաթղթերը, և վեճը կավարտվի․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին

24 ՍԵՊ 2025 09:36
Մատենադարանում իր 80-ամյակին նվիրված գիտաժողովի շրջանակներում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի հրավերին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր և գործող իշխանության քաղաքականության տարբերություններին և առաջիկա քաղաքական մրցավազքին։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը բանավեճի փոխարեն առաջ է քաշել իր վաղեմի պահանջը։ «Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերն իր ձեռքի տակ են, 100 անգամ ասել եմ՝ թող դրանք հրապարակի։ Եթե հրապարակի այդ փաստաթղթերը, վեճը վերջացած կլինի, որովհետև այդտեղ ամեն ինչ ասված է», - հայտարարել է նա՝ ընդգծելով, որ փաստաթղթերի հրապարակումը կբացահայտի բանակցային գործընթացի ողջ պատմությունը և կվերջակետ դնի շահարկումներին։
Առաջին նախագահը կտրականապես հերքել է այն տեսակետը, թե Փաշինյանը շարժվում է իր կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգով։
«Ղարաբաղի լուծման իմ ու իր տարբերակները համեմատելը կեղծ է։ Ոչ մի կապ չունի իմ ղարաբաղյան քաղաքականությունը իր վարած քաղաքականության հետ», - նշել է Առաջին նախագահը։
Ըստ Տեր-Պետրոսյանի՝ Փաշինյանը կործանեց նախկինում բանակցված բոլոր թեզերը, երբ Ստեփանակերտում հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ինչը, ըստ առաջին նախագահի, պատերազմ բերեց։
Լրագրողների դիտարկմանը, թե Փաշինյանին իր «հոգեզավակն» են համարում, քանի որ 2008 թվականին նրա կողքին էր կանգնած, Տեր-Պետրոսյանը պատասխանել է.
2008-ին իմ կողքին էնքան մարդ էր կանգնած... Էն ժամանակ շատ լավ աշխատեցին, Նիկոլն էլ։
- Լևոն Տեր֊Պետրոսյան
Ապագայի և հնարավոր ելքերի մասին հարցին առաջին նախագահը տվեց լակոնիկ պատասխան՝ «Ելք միշտ կա»։ Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հայ Ազգային Կոնգրեսի հնարավոր մասնակցությանը և իր անձնական ներգրավվածությանը, Տեր-Պետրոսյանը խուսափեց հստակ պատասխանից՝ լրագրողներին հորդորելով հարցն ուղղել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել